Рет қаралды 284
Արմեն Սարգսյանը խոսում է խմբագրի գործառույթների, գրողների հետ իր աշխատանքի, ժամանակակից գրական էքսպերիմենտների նկատմամբ իր վերաբերմունքի, գրագետ և հանրամատչելի հայերենի հասանելիության մասին։
Մասնագիտությամբ բանասեր է, լեզվաբան, շուրջ 200 գիրք է խմբագրել․ դրանք և՛ թարգմանություններ են, և՛ հեղինակային ստեղծագործություններ։ Ասում է, դժգոհ է, թե ինչ մեթոդներով է դասավանդվում լեզուն, հենց դա է եղել շարժառիթ՝ հիմնելու «Հայերենի համար սեղմել՝ 1» տեսանյութերի շարքը, որը սոցիալական ցանցերում մեծ տարածում և արձագանք ունի։
«Բաներ կան նեղ գիտական են և դրանք, բնավ պետք չէ ներառել դասավանդման ծրագրերի մեջ և ծանրաբեռնել մարդկանց․ ուղիղ խնդիրը ստորոգյալ դարձավ թե ոչ, դա սովորողին քիչ է հետաքրքրում, նա կարող է դա չիմանալ։ Հոդվածներ կան, որոնք բացատրում են ինչպես ճիշտ խոսել հայերեն, երեք էջ կարդում ես ու չես հասկանում։ Մարդը ժամանակ չունի և արագ ուզում է իմանալ գրել «հօգուտ թե՞ ի օգուտ» և դու 20 վայրկյանում կարող ես ասել նրան», - ասում է Արմեն Սարգսյանը։
Խմբագիրն ասում է, որ մարդիկ սխալվելու իրավունք ունեն և պետք չէ դրա համար քարկոծել նրանց։
Խմբագիրն ասում է, որ գրելու հմտություններ պետք է զարգացնեն բոլորն, անկախ նրանից գրող կդառնան, թե ոչ։ Նշում է, որ խմբագրի գործը պատասխանատու է, քանի գրողից հետո ստեղծագործության առաջին ընթերցողը և գրողի համար ճանապարհ հարթողը հենց նա է։ «Խմբագիրը ստորակետ, միջակետ և տառասխալ ուղղողը չէ, այլ տեքստի լեզուն առողջացնողն է»,- ասում է նա։
«Մարդիկ շարունակական կրթվելու պահանջ և կարիք ունեն և դա պետք է արվի հեշտ ու հասկանալի լեզվով։ Լեզուն անընդհատ փոխվում, զարգանում է և անընդհատ պիտի վազես նրա ետևից։ Տասը տարի առաջվա մամուլը, եթե կարդանք, լրիվ ուրիշ լեզվով է գրված, 90-ականներինը, խորհրդային տարիների լեզուն շատ տարբեր է, այն անընդհատ փոխվում է», - ասում է Արմեն Սարգսյանը։