Рет қаралды 886
Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:
Եվ իմ սերը ասաց լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:
Սերը ասաց երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:
Սերը ուզեց արև լինի
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի
քո ժպիտը եղավ,
և աստղերը հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:
Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:
Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:
------
🎙️Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը։
🎹 Աննա Միսակյան։